2014 թվականը Պաշտպանության բանակի, ԼՂՀ-ի համար լարված տարի էր և այդ լարված տարին առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն-հետախուզական գործողություններով և այդ իրականության մեջ պաշտպանության բանակի ղեկավարության և զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն էր, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե այսօր ի՞նչ վիճակ է սահմանում, լարվածություն կա՞, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այսօր լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում: Նախկինում եթե Պաշտպանության բանակի հատվածում նվազագույնը լինում էին կրակոցների 35-50 դրվագներ, և հակառակորդն օգտագործում էր 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-ի, 200-ի և փամփուշտների թիվը 3000-ից մինչև 6000-ի է հասնում:Պաշտպանության բանակի ստորաբաժանումները և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում և չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա մենք ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլ կանխել»:
Դիտարկմանը, թե պե՞տք չէ, երբեմն, նախահարձակ լինել, Սեյրան Օհանյանն արձագանքեց.«Մենք ավելի շատ կողմնակից ենք կանխարգելիչ գործողությունների, պաշտպանական միջոցառումների, մենք ինքներս չենք խախտում, սակայն, երբ որ խախտում են մեր հարևանները, ապա այդ խախտմանը պետք է արժանի պատասխան տալ և իրենց «եռանդը» մարում է, երբ իրենք արժանի պատասխան ենք տալիս»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին, նախարարն ասաց, որ այն ընթանում է իր հունով. «Պայմանավորվածությունները քաղաքական մակարդակում իրականացվում են, պարզապես այս լարվածությունները տեղի են ունենում տարբեր գործընթացների, հատկապես հանդիպումների շրջանակում, և փորձ է արվում այս լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա: Ե՛վ արցախյան գոյապայքարի փորձը, և՛ այսօրվա փորձը ցույց է տալիս, որ արդեն իսկ այն նպատակները, որ մեր հարևանների մոտ կար՝ սպառազինությունների մրցավազքով ցույց տալ իրենց բանակի հզորությունը, որն ի չիք դարձավ 2014 թվականի ոտնձգությունների ժամանակ, այլևս չի ազդում հայկական կողմի վրա: Մենք մեր տեսակետների տերն ենք. հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում՝ իհարկե՛, պաշտպանելով բոլոր միջազգային նորմերը»:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի վերաբերյալ նշանակված քննությանը, ապա սրա վերաբերյալ նախարարը նշեց, թե հետաքննությունն ընթանում է և այժմ որևէ նորություն չի կարող ասել:
Tert.am-ի հարցին, թե օրվա խորհրդին համահունչ, որքանո՞վ են պաշտպանված հայ զինվորի իրավունքները, Սերյան Օհանյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները զինված ուժերում օրըստօրե բարձր հիմքերի վրա են դրվում` շնորհիվ զինված ուժերի ղեկավարության, մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության, վերահսկողական մեխանիզմների ձևավորման ջանքերի»:
Նախարարի խոսքով՝ հատկապես պաշտպանության ոլորտում ժամանակակից իրականության մեջ երկու գործոններ կան, որոնք բերում են հաջողություններ. դա մարդն է և զենքը:
Մանրամասներն՝ այստեղ: