Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գարսենյակը:
Այդ աշխատանքի շրջանակներում երկու պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար և իրականացրել համատեղ ուսումնասիրություններ: Արձանագրվել են ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային հարձակումները Մատաղիս գյուղի և ջրամբարի ուղղությամբ:
Ջրամբարի վրա թիրախային հարձակումներն, ըստ հաղորդագրության, ուղղակի նպատակ են հետապնդել մեծ վնասներ հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը և նրանց զրկել կենսական կարիքները բավարերելու հնարավորությունից: «Այսպիսի գործելաոճը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները»,- հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Արցախի և Հայաստանի Պաշտպաններն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակման հետեւանքով իրենց տները լքած եւ այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Հանդիպման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են ձեռքբերվել Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ արդրբեջանական զինված հարձակումների, ինչպես նաև կատարված դաժանությունների վերաբերյալ:
Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական ԶՈւ թույլ տված հիմնարար խախտումների վրա: Այդ տեղեկությունները՝ համապատասխան հիմնավորումներով, կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին: