ՄԱԿ-ի կողմից ստեղծված «Յու Փի Ար» կազմակերպությունը զբաղվում է պետություններում մարդու իրավունքների պաշտպանության հաշվետվությունների ստուգմամբ: Յուրաքանչյուր պետություն 4.5 տարին մեկ հաշվետվություն է ներկայացնում, թե ինչ միջոցառումներ է կիրառել մարդու իրավունքների ոլորտում: Այս մասին Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում թեմայով քննարկման ժամանակ հայտնեց «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հասարակական կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը: «Այստեղ հիմք է ընդունվում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Հենց հռչակագրով են ներկայացնում հաշվետվությունները, թե ինչ միջոցառումներ են իրականացվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Սա երկրորդ փուլն է Հայաստանի համար, քանի որ 2010թ-ին արդեն մեկ շրջան անցել է»:
2015թ-ի հունվար ամսին Հայաստանը պետք է ներկայացնի նոր ձեռքբերումները՝ արված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հաշվետվության ներկայացման և համակարգի մասին իր կարծիքը հայտնեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: «Սա այնքան էլ էֆեկտիվ մեխանիզմ չէ մարդու իրավունքների պաշտպանության համար: Եթե խորանանք՝ որևէ մեկն էլ կատարյալ գործիք չէ մարդու իրավունքները պաշտպանելու համար: ՄԱԿ-ը չի պարտադրում որևէ ձևով, այլ ուղղակի առաջարկներ է անում: Այդ առաջարկներն էլ Հայաստանը կարող է կատարել, կարող է և չկատարել՝ որոշակի բացատրություններ տալով: Այնքանով են լավ այս կազմակերպության գործառույթները, որ հաշվետվությանը ներկա է լինում քաղաքացիական հասարակությունից որոշակի մաս՝ իր բողոքները, կամ իրավունքների խախտումները ի հայտ բերելով: 2010 թ-ին, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության ամենածանր շրջանն էր մեզ համար, քանի որ ունեինք բազմաթիվ զոհեր մարտի 1-յան դեպքից, 10 քաղբանտարկյալներ: Հայաստանը ամեն կերպ փորձում էր շրջանցել այս դեպքը՝ բացատրություններ տալով, որ քաղբանտարկյալները քրեական հանցագործներ են և նրանց հանդեպ կիրառվել են ուղղակի պատիժներ»:
Միայն տեղեկացված քաղաքացիական հասրակության ներկայությունը հաշվետվության ժամանակ կունենա էֆեկտիվություն: Այս մասին խոսեց փաստաբան Անահիտ Չիլինգարյանը: «Որպեսզի էֆեկտիվ լինի քաղաքացիական հասարակության մասնակցությունը այս հաշվետվութանը՝ նախ պետք է իրազեկված լինի այդ հասարակությունը: Շատ ոլորտներում ունենք բացթողումներ՝ մարդու իրավունքերը ոտնահարող: Ամենակարևորը արդարադատության ոլորտն է, որտեղ մենք ունենք խնդիրներ: Սա մեծ բացթողում է կառավարության կողմից: Հանցագործ մարդիկ հենց պետք է ձերբակալվեն ու դատվեն՝ սա է մեր խնդիրը: Ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ հակապրոպագանդայի փաստը մեր երկում մեծ բացթողում է: Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ևս անպաշտպան է: Հակախոշտանգումների դեմ պայքար ևս չունենք մենք՝ սա ևս մեծ բացթողում է»: