Թուրքիայի Մարդին նահանգի Դերիքի շրջանում քաղաքապետարանի շենքի վրայից նախկինում հեռացված հայերեն գրությունը կրկին վերականգնվել է:
Դերիքում պետության կողմից նշանակված հոգաբարձուն օրեր առաջ ապամոնտաժել էր տվել քաղաքապետարանի շենքի ճակատային մասում գտնվող եռալեզու «Տէրիքի քաղաքապետարան» գրությունը: Նախկինում նաև հայերեն տարբերակը պարունակող ցուցատախտակը փոխարինվել էր միայն թուրքերեն և քրդերեն գրությամբ:
Իսկ սեպտեմբերի 14-ի երեկոյան ոստիկանության ուժերի հատուկ հսկողության պայմաններում երկլեզու ցուցատախտակը կրկին ապամոնտաժվել է: Ժամը 23-ի սահմաններում ոստիկանները վերականգնել են եռալեզու գրությունը և հրշեջ մեքենաների օգնությամբ տեղադրել այն քաղաքապետարանի շենքին, գրում է Ermenihaber.am-ը: