Հունիսի 7-ին Հայաստանի 32 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները: Առաջադրված թեկնածուների գերակշիռ մասը կազմում են ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Ընդդիմությունը ստվար մաս է կազմում` երկու թեկնածու ներկայացված է ԲՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից, մյուս բոլոր թեկնածուները կամ անկուսկցական են, կամ էլ ՀՀԿ-ական:
Անդրադառնալով խնդրին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ հանրապետականները միշտ էլ ակտիվ են եղել ՏԻՄ ընտրությունների ժամանակ: «Հանրապետական կուսակցությունը միշտ էլ մարզերում ունեցել է գրասենյակներ: Այսօր, երբ ՀՀԿ-ն իշխող ուժ է, բնական է, որ պետք է շատ գրասենյակներ ունենա մարզերում»,-նկատեց նա:
Պատգամավորի այս մտքի հետ չհամաձայնեց հանդիպման հաջորդ բանախոս «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը` շեշտելով, որ իշխանությունից բացի` ֆինանսական սղության պատճառով ուրիշ ոչ մի կուսակցություն չի կարող գրասենյակ բացել մարզերում:
«Շրջելով սահմանամերձ տարածքներում` մենք տեսանք, որ մարդիկ երկնքից հրաշքի են սպասում, որպեսզի տեսնեն, թե երբ են պրծնելու այս իշխանություններից: Պետք է ասեմ, որ անգամ որոշ համայնքապետեր, որոնք ՀՀԿ նեկայացուցիչներ են, դժգոհ են գործող իշխանություններից: Հետաքրքիրը գիտե՞ք որն է՝ այն, որ մարդիկ ճորտի հոգեբանությամբ ընտրում են իրենց ֆեոդալներին»,- նշեց Մուրադյանը:
Ի պատասխան վերջինիս խոսքերին` Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ ՏԻՄ ընտրություններում ֆինանսական կողմը մեծ դեր չի խաղում, որովհետև այստեղ խնդիրն է՝ ընտրել մարդու, որն իմիջ ունի, իսկ այսօր, ցավոք, հասարակության մեջ իմիջ է ստեղծում նաև մեծ գումար ունեցող մարդը, որը կարողանում է համապատասխան իմիջը ստեղծել հենց իր սեփական գումարով: