տուն Լուրեր Մարդիկ, որ այս ամենի հետևում են կանգնած, ցանկանում են, որ պարոն Շիրխանյանն...

Մարդիկ, որ այս ամենի հետևում են կանգնած, ցանկանում են, որ պարոն Շիրխանյանն այլևս չկարողանա դուրս գալ. փաստաբան

107
0

63

Վահան Շիրխանյանի առողջական վիճակում որևէ դրական տեղաշարժ չկա և չի կարող լինել, որովհետև ոչ մի բուժում չի կատարվում: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը. «Նրան դուրս են գրել ամսի [մարտի.- խմբ.]  3-ին, դուրսգրման էպիկրիզի մեջ նշանակումներ էին արվել, թե ինչ է անհրաժեշտ անել: Նշված էր չորս  տարբեր պրոֆիլի բժիշկների մշտական հսկողություն, որը պարտադիր ցուցումներից մեկն է, բայց ոչ մի հսկողություն չկա, ոչ մի բժիշկ չի եկել նրան ստուգելու: Բացի այդ, դեղամիջոցներ էին նշանակվել, որոնց մեծ մասը նրան չի տրվում, երկու տարբեր գործիքային հետազոտություններ էին նշանակվել, որոնք նույնպես չեն իրականացվել»:

Փաստաբանի խոսքով` Շիրխանյանի առողջական վիճակում ոչ միայն դրական տեղաշարժ չկա, այլև այն պայմաններում, որոնցում նրան են պահում, նա կարող է նոր հիվանդություններ ձեռք բերել. «Նրան սարսափելի պայմաններում են պահում: Էն խցում, որտեղ նրան են պահում, ամենաառողջ մարդն էլ այդ խցում որ մնա ու չկարողանա զբոսանքների դուրս գալ, էդ խոնավության մեջ կարճ ժամանակահատվածում հիվանդություն ձեռք կբերի»:

Հարցին, ի վերջո, ինչ պետք է լինի սրա վերջը, որոնք են լինելու լուծումները, փաստաբանը պատասխանեց. «Ովքեր այս ամենի հետևում կանգնած են, իրենց նախագծած սցենարով վերջը ցանկանում են, որ պարոն Շիրխանյանի հետ մի բան լինի, այնտեղից այլևս չկարողանա դուրս գալ, այս ամենի հետևանքով մահանա ու արժանանա Արթուր Սարգսյանի ճակատագրին: Իսկ մենք այս ամենին որպես վերջաբան տեսնում ենք, որ նա պետք է դուրս գա կալանքից, ստանա իր բուժումները և ապաքինվի, իսկ քրեական գործով էլ պետք է արդարացվի, և հետո արդեն այն մարդիկ, ովքեր կանգնած են այս ամենի հետևում, պատասխանատվություն կրեն այս ամբողջ տառապանքների համար»,- եզրափակեց Ալումյանը: