Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն տալիս բուհերի վարձի զեղչեր։
«Խոսքը ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների վարձի 20 տոկոսի զեղչի հետ կապված է, իբր, նախարարությունը չեղարկել է այդ զեղչը», — ասաց Հարությունյանը՝ պնդելով, որ եթե իրենք շատ էլ ցանկանային, այն չէին կարող չեղարկել։
«Ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում, ու թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին»,- ասաց նախարարը։
«Էդ որ ասում եք՝ ասում են քաոսային իրավիճակ է, մարդիկ կան՝ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծվի, չեն կարողանում, որոշում են սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, պայթյունավտանգ իրավիճակ է, էդ նույն շղթայի տարբեր օղակներն են։ Ո՞նց կարելի է ընդհանրապես էդպիսի բան լինի, սա այն թեզն է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին, առած ա, ծախած ա, նույն մարդիկ են ու սա արդեն, պարոն Վանեցյան, իսկապես ազգային անվտանգության խնդիր է», — ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ սա Հայաստանի դեմ պատերազմ է։
«Մարդիկ կան` ուզում են երկրում քաոս լինի, հիբրիդային պատերազմ են մղում, ո՞վ են նրանք ընդհանրապես։ Ու այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է, լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, էդ գող-ավազակները էս երկրում իրանց պետք է լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք էս հարցերով», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն արձագանքեց, թե սրանք հարցեր են, որոնք քննարկման առարկա ընդհանրապես չպետք է լինեն։