ՀՀ Ազգային ժողովում արդեն երկրորդ օրն է` քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ նախագահի առաջարկով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազին: Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի ՀՀ Սահմանադրության փոփոխություններով՝ 5-րդ հոդվածի 9-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ գլխավոր դատախազի ընտրությունը կարևոր է եւ համընկնում է երկրում տեղի ունեցող լրջագույն փոփոխությունների հետ, երբ ազդարարվում է բարեփոխումներն արագացնելու նոր, որակական սկզբի մասին: ՀՅԴ-ական պատգամավորի համոզմամբ` գլխավոր դատախազությունը նույնպես պետք է անցնի նոր համակարգի, նոր քաղաքական հարաբերությունների, նոր խաղի կանոնների:
Պատգամավորը շեշտեց, որ հասարակության մեջ կա կուտակված մեծ դժգոհություն, մարդիկ այլևս չեն հավատում խոստումների, խոսքերի և այսօր են ուզում տեսնել դրական փոփոխություններ:
«Ինչ էլ ասենք, հասարակության համար որևէ երաշխիք չի առաջացնելու, եթե չտեսնեն ձեր քայլերը, և եթե տեսնեն իրական քայլեր, որ մարդը եկել է, Սահմանադրությանը համապատասխան, երկիրը փոխելու, արդարությունը վերականգնելու, ապա ժողովուրդը շատ արագ կարող է դա գնահատել»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ նոր գլխավոր դատախազը կիրականացնի քայլեր, որոնք հնարավորություն կտան սահուն անցում կատարելու խորհրդարանական համակարգին:
Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց` ՀՅԴ-ն կողմ կքվեարկի դատախազի թեկնածուին: