Գյուղերում ապրող մարդկանց դժվարությունները միշտ են արդիական: Մարդիկ ողջ տարին աշխատում են, գյուղմթերք ստեղծում, բայց հետո կանգնում դա սպառելու խնդրի առջև: Գյուղացիների դժվարությունների, գյուղում առկա պայմանների ու գյուղմթերքի իրացման խնդիրների մասին araratnews.am-ին պատմեց Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը:
«Մեղրիի տարածաշրջանում հիմա դրվածքն էնպես է, որ մարդիկ գյուղատնտեսությունը մեռցնում են: Հիմա մեզ մոտ գյուղացիները անասնապահությամբ են զբաղվում, բայց այնպիսի պայմաններ են ստեղծում ժողովրդի համար, որ անասնապահությունը չզարգանա. Գյուղացիներն ընդհանրապես չեն կարողանում վաճառել: Մարդիկ չեն կարողանում իրենց պահած անասունը ռեալիզացնել, դրա համար էլ մեզ մոտ անասնապահություն չկա, վերանում է աստիճանաբար: Այլ տեղերից են էժան գներով բերում, մարդիկ էլ անասուններին վերացրեցին»:
Գյուղապետի խոսքով՝ բնակիչները հիմնականում պտղաբուծությամբ են զբաղվում, որը ևս գյուղում չի զարգանում.«Հիմա, որ նայում ենք, մարդիկ ծառերն էլ են քանդում, դա էլ է վերանում: Մեզ մոտ դրսից նուռ են բերում աճացնում, նուռ են բերում, բայց ուրիշ բան են ձևակերպում, չգիտեմ ինչ են անում, դրա համար էլ մեր նուռը չի վաճառվում, փչանում է: Ի վերջո, ԵՏՄ անդամ պետություն դարձանք՝ առանց հաշվարկելու»:
Մկրտիչ Մկրտչյանի հավաստմամբ՝ միայն անցած տարի 120 տ-ից ավելի նուռ է փչացել, որովհետև չեն կարողացել իրացնել.«Նռան խնդիրը մինչև հիմա շարունակում է մեր գյուղում ակտուալ մնալ: Մեր մոտից, որ արտագաղթ չկար՝ հիմա երիտասարդ ընտանիքներն են արտագաղթում: Ոչ մեկ ժողովրդի հետ հաշվի չի նստում: Օրինակ՝ կառավարությունը, որոշեց, որ համայնքները միավորում են, ուրեմն միավորում է և մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում»: