Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել յուրացման համար, և, որպես վնաս, վարույթն իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, նշելով, որ Մանվել Գրիգորյանի կալանքի տակ մնալը քաղաքական որոշում է:
«Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը՝ վարույթն իրականացնող մարմնին հարցնում ենք՝ որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ խախտումները, ասում են՝ մեկ միլիարդ դրամ։ Մենք պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավելի արժողությամբ գույք։ Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. պատասխան չունենք։ Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ-ի պատվերը և անձին թողնում կալանքի տակ։
Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի պատասխանատուն ՀՔԾ-ն է ու գլխավոր դատախազությունը։ Մենք վստահ ենք՝ կայացվել է քաղաքական որոշում՝ Գրիգորյանին պահել պատանդի կարգավիճակում և նրան դանդաղ մահացնել»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: