«Պատերազմից հետո հայտնվում են բավականին կեղծ հերոսներ, իսկ շատ ճիշտ ու իսկական հերոսներ ստվերում են մնում: Եվ դա միայն Ղարաբաղի պատերազմին բնորոշ չէ, դա միշտ է եղել և կլինի»,-araratnews.am-ի հետ զրույցում այս օրերին ցուցադրաբար ԼՂՀ մեկնած, բայց առաջնագծում ռազմական գործողություններին չմասնակցած օլիգարխներին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ Արա Պապյանը:
«Ես այդքան կողմ չեմ քանակով խնդիրը լուծելուն, որովհետև ես գիտեմ, որ մարդիկ գնում են, այսպես ասած՝ ոտնատակ են ընկնում, էլ չեմ ասում, որ մարդ Շուշի ու Ստեփանակերտ է գնում, հյուրանոցում մնում է ու ինչ որ բան է ուզում ցույց տա, բայց ամեն մի քայլ պետք է նպատակ ունենա: Օլիգարխները թող իրենց հարկերը մուծեն, իրենց գողացածի մի մասը թող հետ տան՝ արդեն լավ կլինի, որովհետև զինվորը խրամատում վատ պայմաններում է, որովհետև բյուջեն փոքր է, իսկ բյուջեն փոքր է, որովհետև իրենք իրենց հասանելիքը չեն տվել բյուջեին»:
Քաղաքագետի խոսքով՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ զինվորի մարտական ոգին շատ կարևոր է, բայց մենք արդեն գնում ենք դեպի զենքի պատերազմ.«Մենք հաղթել ենք այնտեղ, որտեղ կոնտակտային պատերազմ է եղել՝ զինվորը զինվորի դեմ է կռվել, իսկ այնտեղ որտեղ իրենք հեռվից են խփել, այդ ժամանակ ինչ պետք է աներ մեր զինվորը. այդ դեպքում դու պետք է ունենաս լավ պաշտպանական դիրքեր,-նշեց պարոն Պապյանը և հավելեց, որ բանակում տեղի ունեցած շատ բաների համար ոչ ոք պատասխան չի տալիս.«Մի քանի օր առաջ երկու զինվոր մահացան՝ «բլինդաժը» քանդվել էր, մնացել էին տակը, բայց ո՞վ պատասխան տվեց դրա համար: Ինչ որ մարդիկ պե՞տք է դատվեին դրա համար. այսինքն՝ ոչ մի բա՞ն էին մարդկային այդ երկու կյանքը»:
Արա Պապյանն անդրադառնալով ԼՂՀ մեկնած նախկին զինվորական պաշտոնյաներին՝ խոսեց նաև Մանվել Գրիգորյանի մասին Արցախում Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանի հայտարարությանը՝ թե գեներալը հայհոյել է դիրքեր բարձրացող տղաներին.«Մանվել Գրիգորյանն այսօր քաղաքացիական անձ է, նախկին գեներալ, ինքը նախկին է և գնալ այնտեղ փորձել հրամաններ տալ, դա անօրինական է, նման բան չպետք է թույլ տրվի: Իմ կարծիքով դա պետք է հստակեցվի, հատկապես նման մարդիկ, որ խնդիրներ են առաջացնում: Գիտեք, մեզ մոտ շատ սխալ մոտեցում կա, ասում են՝ այս մարդը հերոս է, կռվել է, բայց ինչ արել է, դա իր անցածի վաստակն է, դրա համար ստացել է մեդալ, անգամ գումար: Հիմա Մանվել Գրիգորյանը կարող է որպես ֆիդային լավն է եղել, բայց այսօր որպես պրոֆեսիոնալ գեներալ չի կարող ղեկավարել. մարդը ոչ կրթություն ունի, ոչ փորձ ունի: Իսկ եթե Բադասյանի ասածները ճիշտ են, ուրեմն շատ բաներ պետք է վերանայել»: