Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները շուրջօրյա, 24-ժամյա ծառայություն են իրականացնում:
Այս մասին այսօր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը. տեղեկանում ենք բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ֆեյսբուքյան էջից:
«Ես վստահեցնում եմ, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենա: Մենք օրենքի կողմն ենք, դրանով է պայմանավորված, որ ոստիկանները 24 ժամ ծառայություն են իրականացնում»,- նշել է Օսիպյանը:
Ոստիկանապետը ցուցարարներին հիշեցրել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:
Երեկ՝ ավելի վաղ, Մանվել Գրիգորյանը ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց: