Ազգային Ժողովում հարց-պատասխանի ժամանակ Պաշտպանության նախարարին հարց ուղղեց Օրինաց Երկիր խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը: «Ես կցանկանայի իմանալ մանրամասներ Ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված: Շատ կարևոր է հենց ձեզանից լսել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ես գիտեմ, որ դուք տվել եք խիստ գնահատականներ: Գիտեմ, որ վերջին տարվա մեջ արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է Ռազմական ինստիտուտում: Ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում, որ հետագայում այս դեպքերը վերանան»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց Հեղինե Բիշարյանին. «Սպորտհրապարակում մենք գտել էինք Հայկազ Բարսեղյանի դին կախված: Իրականության մեջ փաստերը խեղաթյուրված էին և ինքնասպանության վարկածը սխալ է: Իրականում տեղի է ունեցել սպանություն, և հարուցվել է քրեական գործ, և լրացուցիչ, իմ հրամանով անց է կացել ծառայական հետաքննություն: Այդ հետաքննության ժամանակ պարզվել են Ռազմական իսնտիտուտի մի շարք բացթողումներ՝ կապված հրամանատարների հետ: Պարզվել է, որ մի քանի կուրսանտներ հարբել են, ապա ծեծկռտուք է առաջացել, որը ավարտվել է սպանությամբ»:
Հեղինե Բիշարյանը անդրադարձավ Սեյրան Օհանյանի պատասխանին հարցնելով՝ կլինե՞ն արդյոք կադրային փոփոխություններ: Ի պատասխան, Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իր կողմից աշխատանքից ազատվել է Ռազմական ինստիտուտի պետը: «Իմ հրամանով աշխատանքից հեռանալուն են պատրաստվել նաև երեք տեղակալներ, նաև մի շարք այլ ստորաբաժանումներից պետեր՝ թվով 30 հոգի»: