տուն Լուրեր Մանր-մունր ծեծերը քննարկման պատճառ չպետք է դառնան, էս էլ հո մարզպետի...

Մանր-մունր ծեծերը քննարկման պատճառ չպետք է դառնան, էս էլ հո մարզպետի որդի չէ՝ վարորդի որդի է. փաստաբան

105
0

surik-khachatryan-liska-goris

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ  հրաժարվեց «Սդղի գյոլ»-ի գործով կրկին կալանավորել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդուն, ով 4 ամիս բանտում մնալուց հետո հոկտեմբերի սկզբին 1 միլիոն դրամ գրավի դիմաց հայտնվեց ազատության մեջ։ Հիշեցնենք՝ 25-ամյա  Դերենիկ Ղեւոնդյանը մեղադրվում է «Սդղի գյոլ»-ի ծեծկռտուքի ժամանակ աչքի տեսողությունից զրկված Հարություն Զաքարյանի եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին հարվածելու մեջ։

Araratnews.am-ի հետ զրույցում Դերենիկ Ղեւոնդյանի փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե, փաստորեն, այս անգամ «արդարությունը» դեռ չի հաղթանակել, նկատի ունենալով, որ իր պաշտպանյալը գրավի դիմաց է ազատ արձակվել: Հիշեցնենք՝ երբ քրեական պատասխանատվությունից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, տխրահռչակ մարզպետ Լիսկան հայտարարեց, որ «արդարությունը» հաղթանակել է, եւ իր որդին ազատության մեջ է:

Փաստաբան Մելքոնյանին զարմացնում է փաստը, որ լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերում գործի վերաբերյալ, ավելին՝ հարցեր ուղղում մարզպետի վարորդի որդու մասին: Այսօր, երբ զանգահարեցինք նրա փաստաբանին, վերջինս, լսելով Դերենիկ Ղեւոնդյանի անունը, սկսեց միանգամից գովեստի խոսքեր շռայլել իր պաշտպանյալի հասեցին: «Ախր, տենց մանր-մունր բաները պետք է սենց քննարկումների պատճառ չդառնա, ընդամենը միջին ծանրության հանցանքի մեջ կասկածվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց գրավն է ընտրվել, ինչու է մեր հասարակությունը այդպես հեղեղված  դրանով, էս էլ հո մարզպետի որդի չէ՝ վարորդի որդի է: Ինչ անենք որ  այդ գործով է, ես այս հետաքննությունը չեմ կարող հասկանալ, մարդն ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն, ծառայել է բանակում, երեք շքանշան է ստացել բանակում, հայոց  բանակի գերազանցիկ է եղել, փառապանծ զինվոր եւ այլն, էս մարդու նկատմամբ ընդամենը, որպես այլընտրանքային խափաման միջոց՝ գրավ է կիրառվել»,- ասաց փաստաբանը: Մեր դիտարկմանը, թե՝ հայոց բանակի գերազանցիկը եղել է միջադեպի մասնակից, նաեւ դրանով է պայմանավորված հետաքրքրությունը իր պաշտպանյալի նկատմամբ՝ Արմեն Մելքոնյանը պատասխանեց.«Ասենք, ինչ միջադեպ, սովորական կռիվ է եղել: Ամեն օր Երեւանի տարբեր փողոցներում, մենք ականատես ենք լինում սենց միջադեպերի: Շատ ենք ցավում, որ մարդու աչքն է կուրացել, հույս ունենք, որ  այդքան վիրահատություններն արդյունք կտան, եւ աչքը կսկսի նորից տեսնել»: Փաստաբանն ասում է, թե Դերենիկ Ղեւոնդյանը Հարություն Զաքարյանի տեսողությունից զրկվելու հետ բացարձակ կապ չունի: Իր պաշտպանյալին, ըստ փաստաբանի, մեղադրում են Հարություն Զաքարյանի եղբորը՝ Մուշեղ Զաքարյանի քթին հարվածելու, եւ միջին ծանրության վնասվածք հասցնելու մեջ:

Վերջում Արմեն Մելքոնյանն հավելեց, որ իր պաշտպանյալն անմեղ է: Արդարության եւ անմեղության վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանն ու նրա շրջապատը այլ պատկերացումներ ունեն:

Հիշեցնենք, որ նույն գործով՝ երկու ամիս առաջ կալանավորվեց, սակայն արդեն   հասցրեց ազատ արձակվել Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Ի տարբերություն վարորդի որդու՝ մարզպետի զավակը այս գործով դատարանի առջև չի կանգնի։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղադրյալներից մեկի տված ինքնախոստովանական ցուցմունքներից հետո:

Փայլակ Ֆահրադյան