տուն Լուրեր Մանկաբուժության ոլորտի արդիական հարցերն` ուշադրության կենտրոնում

Մանկաբուժության ոլորտի արդիական հարցերն` ուշադրության կենտրոնում

112
0

1_063

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց  Ռուսաստանի Դաշնության գլխավոր նեոնատոլոգ, մանկաբուժության և պերինատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր,  Դմիտրի Իվանովին, ինչպես նաև  Մոսկվայի Ֆիլատովի անվան N 13 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Անտոնինա Չուբարովային:  Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ  քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին վերաբերող արդիական հարցեր:

«Մոր և մանկան ոլորտի հարցերը մեզ համար ոչ միայն գերակա են, այլև գտնվում են մեր ամենօրյա անմիջական ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, այս քննարկումը ևս կամրապնդի երկու երկրի համագործակցության ամուր հիմքերը, որոնք արդեն երկդարյա պատմություն ունեն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` ռուսաստանյան  գործընկերների հետ  կազմակերպական, նեղ մասնագիտական հարցերի քննարկումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն զարգացնել համագործակցությունը կրթական, գիտական ոլորտներում, այլև կայացնել օրենսդրական դաշտի բարելավման, չափորոշիչների, գործելակարգերի մշակման համատեղ որոշումներ:

Առաջատար մասնագետները ներկայացրին Ռուսաստանում ծնելության և մահացության հիմնական ցուցանիշները: Անդրադարձան մոր և մանկան ոլորտում բուժօգնության  կազմակերպման, մայրաքաղաքում և մարզերում բժշկական կազմակերպությունների նյութատեխնիկական և կադրային  հագեցվածության, ինչպես նաև  այլ հարցերի:

Կարևորվեց անհաս և արատներով ծնված երեխաների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունը:

Մասնագետների խոսքով` խնդիրներ ունեցող  երեխաների դեպքում  հատկապես կարևոր է մեծ ուշադրություն դարձնել անհրաժեշտ բուժօգնության կազմակերպմանը  կյանքի առաջին իսկ րոպեներից սկսած:

Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մասնագետները, ՀՀ ԱՆ գլխավոր  նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը:

Նա որպես ռուսաստանյան գործընկերների հետ   փորձի փոխանակման վառ օրինակ մատնանշեց իր ղեկավարած կենտրոնի և Սանկտ-Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար պրոֆեսոր Վիլիամ Խաչատրյանի հետ  արդեն 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ  հաջողվել է փրկել բազմաթիվ երեխաների կյանքեր:

Քննարկվեցին նաև  կրծքով սնուցման  վերաբերյալ  օրենսդրական մի շարք  հարցեր:

ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ուրախությամբ փաստեց, որ  վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումների` մասնավորապես «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=5097) ՀՀ  նոր օրենքի  ընդունման շնորհիվ հաջողվել է  արգելք մտցնել  արհեստական կաթնախառնուրդներ  գովազդելու գործընթացքում:

Կրծքով սնուցման պրոպագանդման հարցում ևս մասնագետները կարևորեցին  բժիշկների գիտելիքների, գրագետ մոտեցման անհրաժեշտությունը:

Նշենք, որ անվանի մասնագետները Հայաստան են ժամանել նեոնատալ խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցելու նպատակով: