տուն Լուրեր Մամուլի ներկայացուցիչների հարձակումը նախարարի և բանակի վրա պետք է դատապարտվի. Արծվիկ Մինասյան

Մամուլի ներկայացուցիչների հարձակումը նախարարի և բանակի վրա պետք է դատապարտվի. Արծվիկ Մինասյան

128
0

artsvik

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության հետ կապված, խորհրդարանում ելույթ ունենալով, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար, ապա նշեց, որ հետագայում պատրաստ են նման կարևոր նախագծերի հետ շուրջ համագործակցել:

ՀՅԴ պատգամավորը, սակայն, ելույթի  ընթացքում հանդես եկավ կոչով՝ ուղղված ԶԼՄ-ներին և բոլոր նրանց, որոնք, ըստ պրն Մինասյանի, զբաղված են ՀՀ պաշտպանության նախարարության և նախարարի դեմ ուղղված քարոզչությամբ: Վերջինս անդրադարձավ երիտասարդ զինվորականի վնասվածքի և արտերկրում բուժման մասին համացանցում ծավալված քննարկումներին:

Նշենք, որ խոսքը Գևորգ Եղիազարյանի մասին է, որը 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում էր ստացել հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Պաշտպանության նախարարությունը հոգացել էր երիտասարդի բուժման առաջին փուլի ծախսերը՝ մոտ 70 հազար դոլար, սակայն բուժումը շարունակելու համար այլևս գումար չուներ:

«Ցավով պետք է նշեմ՝ տպավորությունն այն էր, որ այդ ամենը վերածվել էր մեր բանակի դեմ ուղղված քարոզչության»,- ասաց Արծվիկ Մինասյանն ու շարունակեց.-«Մամուլի ներկայացուցիչների հարձակումը նախարարի և բանակի վրա պետք է դատապարտվի: Չի կարելի թիրախ դարձնել պաշտպանության համակարգը, նախարարին»:

Պատգամավորն ասաց նաև՝ցանկացած իշխանության հիմնական քաղաքականությունը պետք է լինի պաշտպանության, դիվանագիտության ոլոտներում միջոցներ չխնայելը. «Եթե հարցն այդ ոլորտներին է վերաբերում, ապա չպետք է մտածել բյուջեի սուղ միջոցների մասին»:

Շողիկ Գալստյան