տուն Լուրեր Մամուլի ամեն հրապարակում չէ, որ կարող է իրականությանը համապաստախանել

Մամուլի ամեն հրապարակում չէ, որ կարող է իրականությանը համապաստախանել

134
0

vaxtang_mirumyan

Հարկային նոր օրենսգրքի շուրջ քննարկումները առաջիկայում կավարտվեն, եւ նախագիծը կներկայացվի խորհրդարան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Մեր հարցին, թե ՓՄՁ ներկայացուցիչները պնդում են, որ հարկային նոր օրենսգիրքը դառնալու է   մահակ իրենց «գլխին», Միրումյանն արձագանքեց. «Ի սկզբանե ասեմ, որ հարկային օրենսգիրքը չի կարող դառնալ մահակ որեւէ սուբյեկտի գլխին: Այն կարգավորումները, որոնք տրված են հարկային օրենսգրքով՝ խնդիրն այլ է: ՓՄՁ-ները կշարունակեն օգտվել հարկման արտոնություններից, ընթացակարգերից»: ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ հարկային նոր օրենսգիրքը տեղադրված է Ֆինանսների նախարության կայքում: Բայց այն դեռեւս  վերջնական տարբերակը չէ:

Հարց հնչեց նաեւ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու մասին «պատմող» վերջերս համացանցում տարածված տեսանյութի մասին, որում ասվում էր, որ նրանք զբաղված են կոռուպցիայով։ Վախթանգ Միրումյանն ասաց, թե չի ուսումնասիրել տեսանյութը: «Հիմա տարբեր գնահատականներ կարող եք հնչեցնել, համակարգն աշխատել է»,- ասաց Միրումյանը: Ըստ նրա, եթե կոռուպցիոն երեւույթներ կան, ապա ինքը չէ, որ պետք է դրանց մասին խոսի: «Համենայնդպես, հայտարարությունը դուք էլ եք լսել, ես էլ, գնահատական չեմ կարող տալ»,- նշեց նա: Միրումյանը նաեւ նշեց, որ տեղյակ չէ, թե Գագիկ Խաչատրյանի եղբորորդին աշխատո՞ւմ է արդյոք Ֆինանսների նախարարությունում:

Լրագրողների հաջորդ հարցին, թե վերջերս մամուլում եղան հրապարակումներ, որ մարզերում հարկային պետեր նշանակվում են բացառապես ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի եւ վարչապետ Աբրահամյանի որդու` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի «դաբրոյով», ինչ տեղեկություններ ունի, ՊԵԿ փոխնախագահը  պատասխանեց. «Ես նման տեղեկատվություն չունեմ: Մամուլում ամեն տեսակի հրապարակումներ կարող են հայտնվել, բայց, ցավոք սրտի, ամեն հրապարակում չէ, որ կարող է իրականությանը համապաստախանել»: Միրումյանն ասաց, որ հարկային պետերին նշանակում է կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի մասին հրապարակված սկանդալային տեղեկատվությանը, Միրումյանն ասաց, որ դրանից տեղյակ չէ: Նրա խոսքով, եթե կլինեն հարկային չվճարման մասին տեղեկություններ, ապա ՊԵԿ-ը սահմանված կարգով կզբաղվի: