Եվրոպայի որսորդ-հավաքողների ամբողջ կյանքը կապված է եղել մամոնտների հետ: Նախնադարյան մարդիկ սպանել են այս հսկայական կենդանիներին, կերել նրա միսը, ոսկորները նետել կրակի մեջ, մաշկից վրաններ կառուցել, իսկ ժանիքներն օգտագործել են զենք և զարդեր պատրաստելու համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը` հղում կատարելով լեհ մի խումբ գիտնականների հետազոտությանը, որը տպագրվել է Quaternary International ամսագրում:
Հնագետներն ուսումնասիրել են Լեհաստանի և Չեխիայի տարածքում նախնադարյան մարդու 5 բնակավայրերը, որոնք թվագրվում են 28-18 հազար տարով մ.թ.ա.: Պարզվել է, որ այստեղ հայտնաբերված ոսկորների 5-18 տոկոսը պատկանել են մամոնտներին:
Բոլոր վայրերում գիտնականները հայտնաբերել են մամոնտի ոսկորներից սարքված զենքեր, զարդեր, դրանք ծառայել են որպես վառելիք: Չեխիայի Պավլով բնակավայրում հայտնաբերվել է ոսկորից պատրաստված արձանիկ: Նշվում է, որ մամոնտի միսը եղել է նրանց սննդի հիմնական բաղադրիչը: