Դոնեցկում ջախջախված մալայզիական Boeing-ի բեկորների դուրսբերումը ինքնահռչակ հանրապետության տարածքից կսսկվի նոյեմբերի 23-ից։ Այս մասին հաղորդում է ԴԺՀ մամուլի ծառայությունը։
«Որոշում է ընդունվել, որ գնացքը կուղեւորվի Պելագեեւսկի կայարանից եւ կգնա Խարկով՝ այն ուկրաինական կողմին հանձնելու պամար։ Մինչեւ Յասինովատայա կայարան անվտանգությունը կապահովվի ԴԺՀ իրավապահ մարմինների կողմից։ Մեկնումը նախատեսված է կիրակի օրը՝ ժամը 10.00»,- ասված է ԴԺՀ տրանսպորտի նախարարության հայտարարությունում։
Ինչպես նշվում է, խոցված ինքնաթիռի բեկորները տեղակայվել են 11 կիսավագոնների եւ մեկ փակ վագոնի մեջ։
«Բացի այդ, հատկացված է եւս մեկ ուղեւորատար վագոն՝ բեռը ուղեկցող անձնակազմի համար»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 17-ին Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռը խոցվել էր Ուկրաինայի Դոնեցկի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 հոգին զոհվել են։