տուն Լուրեր Մաքսային տեսուչը` մահվան ելքով վթարի մեղավոր

Մաքսային տեսուչը` մահվան ելքով վթարի մեղավոր

98
0

վթար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության  նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի բաժնի Մեղրիի բաժանմունքի մաքսային տեսուչ Արթուր Ղազարյանը 2015թ. մարտի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, ընկերոջ որդու ծննդյան արարողության ավարտից հետո, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես G500»  մակնիշի ավտոմեքենայով ուղեւորներ` Ռազմիկ Ա.-ի, Ստյոպա Ն.-ի եւ Սերոբ Ն.-ի հետ միասին ընթացել է դեպի Երեւան:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, թե, մեքենան վարելով 50-60կմ/ժ արագությամբ` վարորդ Արթուր Ղազարյանը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքի արագությունը երթեւեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 20 կմ/ժ արագությանը հավասարեցնելու համար: Ա. Ղազարյանը  հնարավորություն ունենալով հայտնաբերել ճանապարհի տվյալ հատվածում կայանված  էքսկավատորը, միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու կամ էքսկավատորը շրջանցելու ուղղությամբ, եւ իր վարած «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է էքսկավատորին, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է մեքենայի ուղեւոր Սերոբ Ն.-ի մահը, իսկ Ստյոպա Ն.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառել միջին ծանրության վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը եւ այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: