ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը խոսել է հուլիսի 24-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների, ինչպես նաև այդ երկրում պահպանվող արտակարգ դրության մասին։
«Միայն ապրիլին 29 լրագրող ահաբեկչության մեղադրանքով հայտնվեց բանտում։ Հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում 18 ամսվա ընթացքում մոտ 160 հազար մարդ է կալանավորվել։ 15 հազար պետծառայող էլ ազատվել է աշխատանքից։ Մեծ թվով ուսուցիչներ, դատավորներ, իրավապաշտպաններ աշխատանքից հեռացվել ու դատարանի առաջ են կանգնել»,-ասել է Հուսեյնը։
Վերջինս նաև խոսել է Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ձերբակալությունների մասին։ ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքերով՝ այդ ամենը վկայում է այն մասին, թե որքանով է Թուրքիայում սահմանափակված խաղաղ ցույցերի կազմակերպման իրավունքը և խոսքի ազատությունը։
Խոսելով Թուրքիայում կայանալիք վաղաժամ ընտրությունների մասին` Հուսեյնը ասել է, որ նման պայմաններում ցանկալի չէ անցկացնել ընտրություններ։ Նա կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը, որը թույլ կտա պահպանել ընտրությունների անցկացման անվտանգությունը։
ՄԱԿ-ի պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունները դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, որակելով դրանք «անհիմն»։ Թուրք պաշտոնյան նշել է, որ իրենք այդ հայտարարություններին լուրջ «չեն վերբերվում»։