Ամերիկացիները 6 անձանց, այդ թվում՝ ՄԱԿ-ում կարիբյան Անտիգուա եւ Բարբուդա պետության նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Աշեին, որը նախագահել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանը, մեղադրում են խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, երեքշաբթի Աշեն ձերբակալվել է:
Ըստ RG-ի, ամերիկյան իրավապահների վարկածով, դիվանագետն ավելի քան կես միլիոն դոլարի կաշառք է վերցրել չինական անշարժ գույքի մագնատից եւ այլ գործարարներից՝ շահեկան ներդրումներ եւ պետական պայմանագրեր ստանալու դիմաց:
Դաշնային դատախազության փաստաթղթերի համաձայն, այդ նպատակով Աշեն օգտագործել է ՄԱԿ-ում Անտիգուա եւ Բարբուդայի մշտական ներկայացուցչի դիրքը՝ միջազգային այդ կառույց անշարժ գույքի վերաբերյալ փաստաթուղթ մտցնելու համար, որով վաստակում է չինացի միլիարդատե Լապ Սենգը: Հանցավոր մեխանիզմը գործել է գրեթե 3 տարի՝ 2011-2014 թվականների ընթացքում:
Չինացի միլիարդատերն ու նրա օգնականը համապատասխան մարմիններին տեղեկացրել են, թե ինչպես են մասնավոր ինքնաթիռով մի քանի տարվա ընթացքում 4.5 մլն դոլար բերել ԱՄՆ:
Դատախազների խոսքով, կաշառքի մի մասն Աշեն օգտագործել է ընտանեկան հանգստի համար վճարելու եւ Նյու Յորքի իր առանձնատանը բասկետբոլի խաղադաշտ կառուցելու համար: Նա նաեւ բանկային երկու հաշիվ է բացել՝ միջոցները ստանալու համար, այնուհետեւ հայտարարագրերում իր եկամուտների չափը նվազեցրել ավելի քան 1.2 մլն դոլարով:
Մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ այլ դիվանագետի՝ Դոմինիկյան Հանրապետությունից Ֆրանսիս Լորենսոյին, ինչպես նաեւ չինացի Լապ Սենգի հետ կապ ունեցող եւս 2 անձի: Երկուսն էլ Չինաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ են: