ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է ՄԱԿ-ի առաջնորդող դերակատարությունը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահությանն իր ներգրավվ ածությանն ու հետևողականորեն ամրապնդում է համապատասխան կարողությունները:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդմոն Մյուլեն արձանագրել է, որ աշխարհում հակամարտությունների թվի աճին զուգընթաց ավելացել է խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը տարբեր երկրներում խաղաղության աջակցության ուժերին։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ նախկինում և ներկայում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության աշխարհագրությունը՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Մալի, վկայում է այն կարևորության մասին, որ տալիս է Հայաստանը աշխարհում խաղաղության պահպանմանը։ Նա շեշտել է, որ Հայաստանը շնորհակալ է Միացյալ Նահանգներին, Հունաստանին, Իտալիային և Գերմանիային` Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցության համար:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններից է կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացումը: Այդ առումով նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահության տնօրինության հետ՝ 2012թ. ստորագրված Հուշագրի շրջանակներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին կայացած Խաղաղապահության հարցերով առաջնորդների գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի Նախագահի մասնակցությունը վերոհիշյալ գագաթաժողովին։