Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել դադարեցնել Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները: Դրիանը տեղեկացրել է նաև խնդիրը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ գումարելու կոչով դիմելու մասին:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Դրիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աֆրինի գործողությունը Սիրիայում հումանիստար վիճակի տեսանկյունից լուրջ ռիսկեր է պարունակում:
«Պետք է կողմերը վերջ տան բախումներին և պայմաններ ստեղծեն հումանիստար օգնություն հասցնելու համար»- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նշվում է, որ ՄԱԿ-ն ընդունել է ֆրանսիական կողմի առաջարկը և արդեն հայտարարություն տարածել անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, արձագանքելով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու որոշմանն, ասել է. «Բոլոր նրանք, ովքեր դեմ են Թուրքիայի կողմից Աֆրինում օպերացիա անցկացնելուն, աջակցում են ահաբեկչությանը»:
Աղբյուր` Ermenihaber.am