տուն Արցախ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հղած ամենակարևոր մեսիջը

ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հղած ամենակարևոր մեսիջը

142
0

Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Այս մասին աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ աշխարհի ղեկավարների ուշադրությունը հրավիրելով Ղարաբաղյան հարցի վրա:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել՝ առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթով ի լուր բոլորի հայտարարեց, որ եթե Ադրբեջանը հետայսու որևէ ոտնձգություն թույլ տա Արցախի նկատմամբ, դա կդիտվի առնվազն հանցագործություն, իսկ ռազմական գործողություները կդիտվեն որպես նոր ցեղասպանություն հայերի նկատմամբ:

Մինչ այս պահը Արցախի հարցի խաղաղ կարգավորման բանակցություններով շահագրգիռ են եղել մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ Ֆրանսիայի: Հայաստանի վարչապետն այս ելույթով ամբողջ աշխարհին  և, մասնավորապես, գերտերություններին դրեց պատասխանատվության տակ:

Եթե խաղաղ կարգավորում պետք է լինի, ապա պետք է բանակցել Արցախի հետ, իսկ հակառակի դեպքում Ադրբեջանն ուզում է բնաջնջել Արցախի բնակչությանն ու տիրանալ այդ հողերին: Կամ աշխարհը պետք է Ադրբեջանին ստիպի, որ հաշվի նստի իրականության հետ ու բանակցի հակամարտող ամենակարևոր կողմի՝ Արցախի հետ, կամ հետագա ամբողջ պատասխանատվությունը կիսելու են Ադրբեջանը մի կողմից որպես հանցագործ պետություն և աշխարհի գերտերությունները՝ մյուս կողմից, որպես այդ հանցանքը թույլ տված երկրներ:

Երեկվա ելույթով Փաշինյանն Արցախի հիմնահարցը դարձրեց համամարդկային խնդիր: Փաշինյանն զգուշացրեց աշխարհին, որ հետագա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է բոլորի վրա:

Սա Նիկոլ Փաշինյանի առաջին ամենակարևոր մեսիջն էր, որ հղեց որպես Հայաստանի ղեկավար: Ուղերձը գուցե մի փոքր խիստ էր, սակայն Փաշինյանն իրեն կարող է նման կեցվածք թույլ տալ. նա ունի ժողովրդի աջակցությունը և ՄԱԿ-ի ամբիոնին մոտեցավ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ