Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմադը հակամարտող կողմերին կոչ է արել շարունակել մասնակցել քաղաքական գործընթացին, որի նպատակն է կարգավորել Եմենի հակամարտությունը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, նա դատապարտել է հունիսի 17-ին մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց հետևանքով ավելի քան 30 մարդ էր զոհվել:
«Նման արարքներն արդարացում չունեն և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է նա` քաղաքական, կրոնական, ռազմական առաջնորդներին հնարավոր բռնությունների դադարեցման բոլոր միջոցները ձեռնարկելու կոչ ուղղելով:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին լրագրողներին հայտարարել է, որ դեռ պարզ չէ, թե երբ կավարտվեն ժնևյան բանակցությունները, որոնք մեկնարկել են հունիսի 15-ին:
Տեղեկություններ կան, որ Եմենի բնակչության 80 տոկոսը մարդասիրական օգնության և պաշտպանության կարիք ունի:
Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների՝ Ադեն մտնելուց հետո հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: