Երեկ ուշ երեկոյան Սինգապուրի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ կյանքից հեռացել է երկրի բազմամյա առաջնորդ, «սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն։
«Վարչապետը խորը վշտով հայտնում է պարոն Լի Կուան Յուի մահվան մասին, ով Սինգապուրի առաջին վարչապետն էր։ Պարոն Լին իր մահկանացուն կնքել է Սինգապուրի հոսպիտալում», — ասվում է հաղորդագրության մեջ։ Լի Կուան Յուն 91 տարեկան էր։
Նա Սինգապուրը ղեկավարել է 1959-1991 թվականներին։ Նրա գործունեության արդյունքում Սինգապուրը վերածվեց աշխարհի ամենազարգացած և բարգավաճ երկրներից մեկին։
Սինգապուրում հայտարարվել է մեկշաբաթյա սուգ։ Ցավակցական հեռագրեր են հղել աշխարհի շատ առաջնորդներ։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրան անվանել է «պատմության հսկա»։ «Նա պատմության իսկական հսկա էր, ում ապագա սերունդները հիշելու են որպես ժամանակակից Սինգապուրի հայր և ասիական հարցերում ամենամեծ ստրատեգներից մեկը», — ասվում է հայտարարության մեջ։