90 տարեկան հասակում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահ իբն Աբդել Ազիզը: Այս մասին տեղեկացնում է Frane24-ը:
«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տրամադրված տեղեկատվության համաձայն՝ թագավորը մահացել է հիվանդանոցում, ուր առողջության կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել էր հունվարի սկզբին:
Ամբողջ աշխարհից սկսել են հնչել ցավակցական ուղերձներ: Իր ցավակցություններ է հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
«Նա չէր վախենում լինել անկեղծ և ունենալ սեփական համոզմունքները, ինչպես հարիր է իսկական առաջնորդին: Մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող ամուր գործընկերային հարաբերությունները մեծապես թագավորի երախտիքն են»,- նշել է Օբաման:
Նշենք, որ թագավորական գահի ժառանգորդն է արքայազն Սալման իբն Աբդել Ազիզը:
Հիշեցնենք, որ Աբդուլահ իբն Աբդել Ազիզը ղեկավարում էր երկիրը վերջին 10 տարիների ընթացքում: Նա «Ժպիտի» (Լեհաստան) և «Հարավային խաչ» (Բրազիլիա) շքանշանների ասպետ էր: