տուն Լուրեր Մահացել է անվանի բանաստեղծ Հրաչյա Սարուխանը

Մահացել է անվանի բանաստեղծ Հրաչյա Սարուխանը

110
0

86

Հայաստանի գրողների միության վարչությունը տեղեկացնում է, որ հայ գրականությունը ծանր կորուստ կրեց, կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից` բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը:

Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Լոռու մարզի Համզաչիման (այժմ` Մարգահովիտ) գյուղում: Ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1983թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացները: ՀԳՄ անդամ է 1978 թվականից: 1990թ. եղել է ՀԳՄ Վանաձորի գրական բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, այնուհետև նշանակվել Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն:

Հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների` «Եզրագծեր» (1977), «Հրաշք օրեր» (1981), «Վկայություններ» (1989), «Աստծո առավոտ» (1999), «Ի տրիտուր» (2005) եւ այլն: Հրաչյա Սարուխանի բանաստեղծությունների առաջին իսկ հրապարակումներն իրենց ինքնատիպությամբ, ասելիքի թարմությամբ, բանաստեղծական արտահայտչամիջոցների բազմազանությամբ նոր խոսք էին հայ պոեզիայի անդաստանում` ջերմ ընդունելության արժանանալով ընթերցողների և գրականագետների կողմից: Անուրանալի է նրա վաստակը նաեւ թարգմանության ոլորտում: Ռուս եւ համաշխարհային գրողների ստեղծագործությունների նրա թարգմանությունները աչքի էին ընկնում իրենց բնագրային հարազատությամբ եւ հայեցի հնչեղությամբ: Թարգմանության ասպարեզում նշանակալի ավանդի համար 2015 թ. արժանացել է ՀԳՄ եւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակին:

Իր հերթին նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն եւ բազմաթիվ այլ լեզուներով:
Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատվել հայ գրասեր հասարակայնության կողմից: Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի», Միխայիլ Լերմոնտովի անվան «Գրական վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: «Այլ ժամանակներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա, «Եզրագծեր» ժողովածուն «Տարվա լավագույն գիրք», «Վկայություններ» ժողովածուն Ավետիք Իսահակյանի անվան մրցանակների: 2011թ. արժանացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:
Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունները դեռ երկար կապահովեն նրա ներկայությունը ընթերցողների, գրչընկերների սրտերում եւ հայ գրականության անդաստանում:

ՀՀ Մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հ. Սարուխանի հուղարկավորության հանձնաժողով` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Հրաչյա Սարուխանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17-ին, Վանաձորի Մարգարյան նրբանցք – 13 տանը, վերջին հրաժեշտը ապրիլի 10-ին, ժամը 11-ից 13-ը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ բանաստեղծի ծննդավայր Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը: