Մադրիդը ներկայիս տեսքով չի պաշտպանի ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների խնդիրների լուծման շուրջ համաձայնագիրը: Մի քանի օր շարունակ Իսպանիայի խորհրդարանի բոլոր խմբակցություննեևրը փորձում էին երկրի իշխանություններին համոզել չստորագրել այդ համաձայնագիրը, գրում է Europa Press-ը:
Իսպանիայի վարչապետի ժ.պ. Մարիանո Ռախոյը Բրյուսելում մարտի 17-ին կայացած բանակցություններում դեմ հանդես կգա համաձայնագրի դեմ, մասնավորապես փախստականներին զանգվածաբար Թուրքիա վտարելու դեմ եւ կպաշտպանի օրինական ճանապարհով ԵՄ երկրներ հասնելու փախստականների իրավունքը:
Իսպանացի պատգամավորների եւ Իսպանիայի ԱԳՆ ներկայացուցիչների ստորագրած տեքստն ունի 12 կետ: Դրանում ասվում է, որ Իսպանիայի կառավարությունը դեմ է Թուրքիայի հետ ցանկացած համաձայնության, որը անմիջական ան ոչ ուղղակի կերպով նախատեսում է կոլեկտիվ կերպով փախստականներին վտարել Թուրքիա կամ նման այլ պետություն, որը ԵՄ անդամ չէ: Պատգամավորները նշել են, որ Թուրքիայի համար պետք է պարտադիր պայման լինի փախստականներին անհատական կարգով բոլոր երաշխիքներով ապաստան տրամադրելը:
Իսպանիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Բարսելոնում, տեղական իշխանությունները կարգադրել են իջեցնել ԵՄ դրոշները՝ որպես այդ որոշման դեմ անհամաձայնության նշան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: