Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկամն ԱԺ-ում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ տարիների ընթացքում Կառավարության և Վերահսկիչ պալատի միջև ձևավորված համագործակցության արդյունքում գրանցվել են առարկայական արդյունքներ: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ լուծվել են և վեր հանվել ոչ միայն իրավիճակային, այլ նաև համակարգային խնդիրներ:
Վերը նշված համագործակցությունն էլ նախարարը որակեց՝ օրինակելի:
Խոսելով ամենամեծ ծախսային ծրագրերից՝ Արտեմ Ասատրյանն առանձնացրեց կենսաթոշակայինը, որի հետ կապված աշխատանքները թույլ են տվել վեր հանել ոչ միայն ընթացիկ, այլ նաև իրավական ու համակարգային խնդիրները:
Նախարարի խոսքով՝ հետևողական աշխատանքների արդյունքում կարելի է արձանագրել, որ սոցպաշտպանության ոլորտում ամենամեծ ծախսային ծրագիրը կազմող կենսաթոշակային ոլորտում հատկացված միջոցներն առավելագույնս օգտագործվում են և ուղղվում հասցեատերերին:
«Կատարված և կատարվելիք աշխատանքներով մենք կարողանալու ենք ապահովել, որպեսզի պետական բյուջեով 2014թ-ի մասնավորապես և 2015թ. բյուջեով նախատեսված 29 տոկոս ծախսային ծրագրերի համար ապահովել համապատասխան հսկողություն, վերլուծություն և հասցեականության հետևողական մեծացում»,- ասաց նախարար Արտեմ Ասատրյանն ու ավելացրեց, որ կարևորում է այդ աշխատանքներն ու դրանց արդյունավետության տեսանկյունից շեշտեց առարկայական ձեռքբերումները, որոնք ըստ նախարարի՝ քիչ չեն: