Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Հայաստանյան լրատվական դաշտը վերջին 5-7 տարիների ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել` կապված համացանցի և նորագույն տեխնոլոգիաների` առավել մատչելի դառնալու հետ: Գործընթացը լի էր դրական ու բացասական հետևանքներով: Թեև այսօր Հայաստանում դեռևս դոմինանտ լրատվամիջոց է հեռուստատեսությունը, բայց էլեկտրոնային լրատվամիջոցները արագ տեմպերով ընդգրկում են հասարակության առավել լայն շերտեր:
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ` հայաստանյան լրագրողների շրջանում համերաշխություն կա որոշ հարցերում:
«Կարծում եմ, այն հարցերում, երբ վտանգի տակ են դրվում լրագրողների իրավունքները, այսինքն` երբ բռնություն է տեղի ունենում, երբ խոչընդոտվում է լրագրողների գործունեությունը, այդ դեպքերում մեր լրագրողները դրսևորում են համերաշխություն, բայց երբ հարցը հասնում է ավելի խորը խնդիրների, ինչպիսին են` օրենսդրական կարգավորում, լրատվամիջոցների քաղաքականությունը, ապա այստեղ ոչ թե համերաշխության պակաս կա, այլ տարբերակված մոտեցումներ: Ավելի շատ բանավեճեր ու կոնֆլիկտներ են լինում, քան համերաշխության դրսևորումներ: Սա գալիս է երևի նրանից, որ մեր լրագրողական հանրության տարբեր սեգմենտներում տարբեր պատկերացւմներ կան, թե ինչպես ամբողջ դաշտը պիտի զարգանա: Այդ ուղղությամբ, իհարկե, անելիք կա»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով ռազմական գործողությունների շրջանում լրատվամիջոցների համար գրաքննություն մտցնելու հարցին, Բորիս Նավասարդյանն ասաց, որ դա անիմաստ կլինի:
«Այսօրվա պայմաններում դա անիմաստ է: Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաները, հեռահաղորդակցության դաշտի զարգացումը` շատ դժվար է կանխել ինֆորմացիայի տարածումը: Մանավանդ, երբ գործ ունենք տեղեկությունների փոխանակման ավանդական միջոցների հետ, ինչպիսին, օրինակ` բամբասանքն է: Բամբասանքի համար նոր հորիզոններ են բացում նորագույն տեխնոլոգիաները: Եթե չկա վստահելի լրատվամիջոցների կողմից ամբողջական տեղեկատվության տրամադրման հնարավորություն, ապա այլընտրանքային տեղեկատվական հոսքեր են սկսում շրջանառվել և ավելի մեծ խուճապ է առաջանում»,- նշեց Նավասարդյանը:
Նրա կարծիքով` այստեղ և՛ պետական մարմինները, և՛ լրագրողական հանրության այն մասը, որը փորձ ու գիտելիք ունի, պետք է հնարավորինս շատ աշխատի լրագրողների հետ և բացատրի, որ այս պայմաններում ցանկացած չստուգված տեղեկություն տարածելը կարող է բացասական հետևանք ունենալ իր երկրի անվտանգության համար:
«Այսպիսի ժամանակահատվածներում շատ ավելի խստորեն պետք է կիրառվեն պատասխանատու լրագրության նորմերը: Եթե մենք մամուլի տակ հասկանանք ոչ միայն ավանդական լրատվամիջոցները, այլ նաև համացանցը և այլն, ապա, եթե լռեն պրոֆեսիոնալ լրագրողները՝ ինֆորմացիան կտարածվի ոչ ավանդական լրատվամիջոցներով: Այդ դեպքերում կստեղծվի շատ ավելի բարդ իրավիճակ»,- նկատեց նա:
Խոսելով այն մասին, թե որքանով են այսօր ուղղորդված լրատվամիջոցները Հայաստանում, Բորիս Նավասարդյանն ասաց.
«Մեր լրատվամիջոցների մեծ մասն, իհարկե, ուղղորդվում է քաղաքական տարբեր շահեր ներկայացնող խմբերի կողմից, և դա շատ մտահոգիչ իրավիճակ է: Մյուս կողմից՝ սա օբյեկտիվ և անխուսափելի է, քանի որ լրագրությունը, որպես բիզնես, չի կարող գոյատևել առանց լրացուցիչ ռեսուրսների: Այդ ռեսուրսների տրամադրումը կարող է գալ միայն օլիգարխական քաղաքական դաշտից: Բնականաբար, ֆինանսական աջակցության հետ գալիս են նաև պատվերներ և քաղաքական ուղղորդումներ: Ցավոք, մեր հասարակության այն մասը, որը տիրապետում է ֆինանսական միջոցների, լիովին չի հասկանում լրատվամիջոցների` որպես հանրային ինստիտուտի դերը, և չարաշահում են այն հնարավորությունները, որ ունեն լրատվամիջոցները: Արդյունքում` տուժում են լրատվամիջոցները, երկիրն ու երկրի քաղաքացիները: Երևույթը բավական տարածված է, իսկ դրա դեմ պայքարի միջոցները Հայաստանում դեռևս ձևավորված չեն»: