տուն Լուրեր «Լրագրողների միավորում» ՀԿ-ն Մ. Սեդրակյանից պահանջում է ներողություն խնդրել

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն Մ. Սեդրակյանից պահանջում է ներողություն խնդրել

72
0

etika2

2016 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում աշխատող լրագրողների խմբին անվանել էր «նախիր», իսկ այն լրագրողին, որը լսել էր պատգամավորի խոսքերը` հայհոյել, ինչը լրագրողը չի լսել, սակայն արձանագրել են տեսախցիկները: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է պատգամավորի նման վարքագիծը՝ խորհրդարանում աշխատող լրագրողների և առհասարակ լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ, անընդունելի է նաև պատկան մարմինների լռությունը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կրկին ականատես է լինում լրագրողների իրավունքների ոտնահարման, պատգամավորի կողմից վիրավորանքի ու անգամ հայհոյանքի, ինչին յուրաքանչուր ազատ մամուլ ունեցող երկրի իշխանություն արդեն արձագանքել էր և տվել համարժեք պատասխան:

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն պահանջում է Մհեր Սեդրակյանից ներողություն խնդրել լրագրողներից՝ հայհոյանքի և վիրավորանքի համար: Անպատժելիության մթնոլորտի վերացման, լրագրողի անձի նկատմամբ հարգանք ու արժանապատիվ վերաբերմունքը վերականգնելու համար «Լրագրողների միավորում» ՀԿ-ն դիմելու է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության ղեկավարին ու այլ պատկան մարմինների: Բացի այդ, «Լրագրողների միավորում» ՀԿ-ն կոչ է անում լրագրողական կազմակերպություններին, խմբագիրներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատապարտել Մհեր Սեդրակյանի վարքագիծն ու հրապարակային ներողություն պահանջել պատգամավորից՝  հետագայում լրագրողի անձի նկատմամբ նմանատիպ որակավորումներն ու վիրավորանքերը կանխելու համար:  ՀԿ-ն կոչ է անում նաև ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, նկատողություն հայտարարել Մհեր Սեդրակյանին, հատկապես, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է դաշտում հստակություն մտցնելու մասին.«Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

Լրագրողների միավորում ՀԿ-ն կոչով դիմում է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ հորդորելով հրապարակավ կարգի հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին և ներողություն խնդրել լրագրողներից, որովհետև նման արարքների նկատմամբ աչք փակելն արժեզրկում է Ազգային ժողովի դերն ու նպատակը, խոսում մամուլի ներկայացուցիչների անպաշտպանվածության և քաղաքական գործիչների անսահմանափակ ազատության, իշխանության կողմից անպատժելիության մթնոլորտի խրախուսման և այլ արատավոր երևույթների մասին:

Հայտարարությունը բաց է, այլ կազմակերպություններ ևս կարող են միանալ պահանջին:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն