տուն Լուրեր Լրագրողը պատրաստվում է դիմել դատարան եւ էթիկայի հանձնաժողով

Լրագրողը պատրաստվում է դիմել դատարան եւ էթիկայի հանձնաժողով

94
0

1397589_695790520438897_1619753909_o

«Այս պահին իրավապաշտպանների եւ փաստաբանների հետ քննարկում ենք մեր քայլերը: Հայցեր ենք պատրաստում եւ դիմելու ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ինչպես նաեւ դատարան»: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց 1in.am եւ Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանն, անդրադառնալով երեկ Ծիծեռնակաբերդում ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին: Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նրանց անվանել է դեղնած, գունաթափված, իսկ վերջում լրագրողներից մեկի դիտարկմանը արձագանքել է. «Ես քու մեջ, կներես, կին չեմ տեսնում»: Սիրանույշ Պապյանն ասաց, որ ոստիկանապետը առնվազն պետք է ներողություն խնդրի: «Ինչքան էլ այսօր ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետը փորձեց մեկնաբանել երեկ տեղի ունեցածը, այնուամենայնիվ ակնհայտ է, տեսանյութ կա եւ բոլորը կարող են տեսնել, եւ որեւէ կերպ չի մեղմում ոստիկանապետի պահվածքը»,- նշեց լրագրողը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ առաջին անգամ չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ պահվածք են դրսեւորում, Ս. Պապյանը նշեց, որ այս ամենը կարծես թե ավանդույթ է դարձել: «Այդպես էլ չեն գիտակցում չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը, էլ չեմ ասում կին լրագրողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա», — ասաց նա, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ինքը կոռեկտ հարց է տվել: