1in.am-ի եւ Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Պապյանը դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Մասնավորապես նա պահանջում է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ եւ 88-րդ հոդվածներով:
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդում Վովա Գասպարյանը լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, նրանց անվանելով դեղնած եւ գունաթափված: Իսկ Սիրանույշ Պապյանին դիմելով նշել, թե վերջինիս մեջ կին չի տեսնում:
Նշենք նաեւ, որ լրագրողը 2 օր առաջ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: