Ապրիլյան պատերազմի առաջին օրերից Արցախի առաջնագիծ մեկնած կամավորականների թվում նաև լոռեցիներ կային: Մարզի տարբեր համայնքներից հավաքված 110 կամավորականների ջոկատը Լեռնային Ղարաբաղ է մեկնել ապրիլի 3-ին: Օրեր առաջ մեկնել է երկրորդ ջոկատը՝ փոխարինելու Մատաղիսի ու Թալիշի դիրքերում գտնվող լոռեցիներին: Սահմանից վերադարձած կամավորականները կիսվում են տպավորություններով:
«Հլա մեր երեխեքի տարիքին, հլա իրանց դուխին»
Արտակ Պետրոսյան, ազատամարտիկ, Ձորագես
1992-93 թթ.-ին մասնակցել եմ Մարտակերտի, Հադրութի, Ֆիզուլու մարտերին: 1993թ.-ի օգոստոսի 15-ին ծանր վիրավորվել եմ ու ամիսներ շարունակ բուժվել:
Վատ լուրն ասում են շուտ ա տեղ հասնում: Վատ լուրը որ տեղ հասավ, արագ հավաքվեցինք ու մեկնեցինք Ղարաբաղ՝ մեր զինվորի կողքին լինելու: Մեր պարտքն էր, որ էնտեղ լինենք, մեզ համար կարևոր էր, որ ինչ լինի, առաջնահերթ մենք դիմավորենք, նոր մեր երեխեքը:
Առաջին օրերին փորձում էինք երեխեքի հոգեբանական վիճակը հասկանանք: Իրենց պետք չէր դուխ տալ, իրանք արդեն էդ դուխն ունեին: Ու որ մտանք դիրքեր, առաջինը հենց դրանից եմ հուզվել, որ հլա մեր երեխեքի տարիքին, հլա իրանց դուխին:
Շատ լավ երեխեք կային: Այսինքն՝ ոչ թե լավ երեխեք էին, այլ կայացած տղերք, որոնց առաջ ինչ առաջադրանք էլ դնեն, պատրաստ են լուծել: Գնացինք, մեր աչքով տեսանք, որ ճիշտ ա, շատ զոհեր են եղել, բայց մարդիկ արյան գնով պահել են: Երեխեքը դաժե ձեռնամարտի են բռնվել նրանց զինված բանակի հետ, լապատկով ու ավտոմատի ղոնդաղով ծեծելով սպանել են թուրքին: Էդքանը հերիք էր, որ երեխեքի մասին կարծիք կազմեինք:
Մեր զինվորներն իրանց մենակ չզգացին, տեսան, որ հայրենիքի մարտիկներն իրենց կողքին են ու դա երևի մեծ բան էր:
«Տղաներն այնքան ուրախ էին, կարծես հարսանիք էինք գնում»
Սամվել Սաքանյան, Երկրապահ կամավորանների միության Գուգարքի տարածաշրջանի բաժանմունքի նախագահ
Եղել եմ Գուգարքի միացյալ ջոկատների հրամանատարը: Ավելի ուշ ծառայության եմ անցել պայմանագրային գումարտակում՝ որպես հրամանատարի տեղակալ:
Արցախ մեկնելու ճանապարհին տղաներն այնքան ուրախ էին, կարծես հարսանիք էինք գնում: Միշտ է էդպես եղել: Ու էդպես էլ պիտի լիներ, բոլորը փորձված, պատերազմ տեսած տղաներ էին: Ու նրանց բարձր տրամադրությունը հույս էր ներշնչում, որ այս անգամ էլ ենք հաղթելու:
Սահմանը պահողները մի ուրիշ տղաներ էին, մեզանից հզոր էին պատկերացրեք: Երևի թե սա պետք էր, որ ես ավելի շատ սկսեմ իմ ազգը սիրել: Միշտ եմ սիրել, բայց էս անգամ իմ մեջ շատ բան փոխվեց, ես նորովի սիրեցի իմ ազգը: Էս անգամվա ոգին ավելի բարձր էր, քան 90-ականներին: Սա բոլորի ցավն էր ու բոլորն անխտիր մասնակցեցին:
«Մեր զինվորներով հիացած եմ հետ եկել»
Հարություն Ղարագյոզյան, Ստեփանավան
1990-ականների սկզբին ես գտնվում էի առողջական ծանր վիճակում՝ երկու երիկամս չէին գործում ու այդ ժամանակ չկարողացա մասնակցել պատերազմին: Այդ օրվանից մտածում էի, որ Աստված մի արասցե եթե պատերազմ լինի, ես պիտի առաջինը մեկնեմ սահման ու իմ պարտքը տամ հայրենիքիս…
Ոչ մեկին չեմ տեղեկացրել, թե ուր եմ գնում: Դուրս եմ եկել տնից առանց որևէ բան ասելու թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Միայն Երևանում համազգետսն ստանալուց հետո զանգահարեցի ու տեղեկացրի՝ ես ուշ կգամ, մեկնում եմ Ղարաբաղ:
Երեխաներ ունեինք, որ շատ դուխով, շատ պատրաստակամ պահում էին մեր պոստերը: Գնացել էինք, որ էդ երեխաներին ոգևորենք մեր ներկայությամբ, բայց այնքան ոգևորված էին ու այնքան պատրաստակամ, որ իրենք էին մեզ ոգևորում:
Մեր զինվորներով հիացած եմ հետ եկել: Որ ասում էինք՝ եկել ենք ձեզ օգնելու, սատարելու, եկել ենք ձեր կողքին լենելու, դուք ետ անցեք, մենք առաջ, այնպիսի մի ոգևորություն ու պատրաստակամություն էր… Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ էր ամեն ինչի, ընդհուպ մինչև զոհվել՝ հողի համար:
Մանրամասներն՝ այստեղ: