Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այս օրերին գտնվում է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, Լոնդոնում Քեմերոն-Դավութօղլու հանդիպման ժամանակ վարչապետի գրասենյակի դիմաց մեծաքանակ ամբոխ է հավաքվել, որն իր բողոքի ձայնն է հանել ընդդեմ Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող քրդական քաղաքականության:
Բողոքի ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով դրոշներ, ինչպես նաև պաստառներ «Մարդասպան Դավութօղլու», «Դադարեցրու պատերազմը քրդերի դեմ», «Դավութօղլուն ԻԼԻՊ-ի աջակիցն է», «Դադարեցրու ցեղասպանությունը» գրություններով:
Երբ հանդիպումից հետո Դավութօղլուն մեքենայով փորձել է դուրս գալ վարչապետի նստավայրից, ցուցարարները փակել են նրա ճանապարհը: Կատարվածին խառնվել է լոնդոնյան ոստիկանությունը` ձերբակալելով 5 ցուցարարի:
Միջադեպի հետևանքով Դավութօղլուն վերադարձել է վարչապետի գրասենյակ և հեռացել հետնամուտքից: