Լոնդոնի ահաբեկչության հետեւանքով տուժել են երեք ֆրանսիացի դպրոցականներ։ Այս մասին իր թվիթերում հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Ռոմեն Նադալը։
«Մենք հաստատում ենք, որ Սեն- Ժոզեֆ լիցեյի երեք աշակերտ է վիրավորվել»,- հայտնել է նա։ Ռոմեն Նադալը հայտնել է, որ Լոնդոնում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանը տեղում «աջակցում է հայրենակիցներին»։
«Համերաշխություն ենք հայտնում բրիտանացի մեր բարեկամներին, նաեւ տուժած ֆրանսիացի դպրոցականներին, նրանց ընտանիքներին ու բարեկամներին»,- գրել էր Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնեւը իր թվիթերում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիային իր համերաշխությունն էր հայտնել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Ահաբեկչությունը վերաբերում է մեզ բոլորիս։ Ֆրանսիան, որը տուժել է դրանից վերջերս, կիսում է բրիտանացի ժողովրդի տառապանքները»,- հայտնել է Օլանդը։
Ֆրանսիական Telegramme թերթի տվյալներով՝ տուժած դպրոցականները 15-16 տարեկան են։ Նրանք քայլում էին Վեսթմիսթերյան կամրջի վրայով, երբ հանցագործը ավտոմեքենան վարել է նրանց վրա։ Ականատեսների խոսքով հարվածից հետո երիտասարդներից մեկը հայտնվել էր մեքենայի կապոտի վրա։