Բնապահպան Լևոն Գալստյանը «Համահայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայտարարություն, որով ահազանգում է Լիճք գյուղում բացվելիք պղնձի նոր հանքավայրի վերաբերյալ: Վկայակոչելով «Էկոլուր»-ը, բնապահպանը հայտնում է, որ հանքավայրը շահագործվելու է երկու փուլով:
«Լիճք գյուղը գտնվում է Մեղրիից 25 կմ դեպի հյուսիս: Տեսարժան վայրերից են 17-րդ դարի կամուրջը, 17-րդ դարի եկեղեցին, երկու տասնյակի հասնող ջրվեժները և լճերը: Այս տեսանյութը պատրաստեցի, որ Հայաստանի՝ առանց չափազանցնելու դրախտային անկյուններից մեկը, ես կասեի ամենագեղեցիկ անկյունը, ճանաչելի լինի բոլորիս: Այո, այսքան գեղեցիկ ջրվեժները, անտառները, մի փոքրիկ տարածքում են, որտեղ այժմ ցանկանում են պղնձի հանքավայր բացել: Պղնձի հանքավայրը, որը նախատեսում են շահագործել, գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի անմիջական հարևանությամբ՝ 780 մետր հեռավորության վրա: Նախատեսվում է հանքավայրի շահագործումն իրականացնել հորատապայթեցման աշխատանքներով՝ բաց եղանակով: Ըստ Էկոլուրի հանքավայրը շահագործվելու է 2 փուլով: Բացհանքի վերջնական եզրագծերով խախտվելու է 40 հա տարածք: Բացհանքի տարեկան արտադրողականությունը, ըստ արդյունահանվող հանքաքարի, կազմելու է 1 միլիոն տոննա: Բաց հանքը գործելու է շուրջ 40 տարի:
Ինչ դուք կտեսնեք տեսանյութում, այդ ամենը մենք որպես այդպիսին կկորցնենք անդարձ»,- հայտնում է Լևոն Գալստյանը: