Տասնյակ երկներում գոյություն ունի օրենք տաքսիստների մասին, որը հրաշալի գործում է, ուստի ի՞նչ կարիք կա նոր օրենք հնարելու: Պարզապես օրենքում պետք է հաշվի առնել տվյալ երկրի առանձնահատկությունները և շարժվել դրանց համաձայն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը:
Վերջինս ընդգծեց, որ նոր օերնքը ոչ թե օրենք է, այլ ավելի շատ հրավեր տաքսիստներին՝ օրինական փաստաթուղթ ստանալու համար, որով նրանք իրավունք կունենան տաքսի վարելու:
«Միակ պահանջը հաշվիչի պահանջը և ամսական որոշակի գումար վճարելն է: Հաշվիչի պահանջն անհրաժեշտ պայման է, որը նախ անհրաժեշտ է ուղևորի համար, ամսական վճարը ևս նորմալ է: Լիցենզավորում ստացած տաքսիստները դեմ չեն լիցենզավորմանը, ինչը հասկանալի է, որովհետև նման կերպ մի շարք չլիցենզավորված տաքսիների թիվը կկրճատվի, որը դրական ազդեցություն կունենա լիցենզավորում ունեցող տաքսիստների գործունեության վրա»,-նկատեց բանախոսը:
Անդրադառանլով հանրապետությունում տաքսիների թվինˋ վերջինս ընդգծեց, որ այսօր միայն Երևանում մոտավորապես 30-35 հազար տաքսի է գործում, ընդ որում տաքսիների քանակի սահմանափակում չկա: Ըստ բանախոսիˋ սա շատ մեծ թիվ է Երևանի համար: «Օրինակ Փարիզը, որը 11 միլիոնանոց քաղաք է և օրական էլ մոտ 3 մլն զբոսաշրջիկ է այստեղ մուտք ու ելք անում, գործում է 17 հազար տաքսի, պահանջարկից ելնելով որոշ ժամանակաշրջանում դրանց թիվը կարող է 500 –ով ավելանալ»,-նշեց նա:
Դուստուրյանն ընդգծեց, որ թեև մեզանում պետք է կրճատել տաքսիների թիվը, մինչդեռ, ելնելով մեր երկրի պայմաններից և երկրում գործազրկության թվից, կառավարությունը չի կարող սահամնափակում դնել: Բանախոսն ընդգծեց նաև, որ ներկայում լիցենզավորում ունեցող տաքսիստները պահանջում են առաջ տանել օրենքը, որովհետև սա նաև նրանց գործին կնպաստի և արդյունքում նրանք ավելի շատ գումար կաշխատեն:
Լուսանկարըˋ Armenpress-ի:
Վարդուհի Ստեփանյան