Լիբիայի իշխանությունները բյուջետային ճգնաժամի ստիպված են փակել որոշ երկրներում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները: Երկրի նախագահ Աբդալա Աբդուրահման աթ-Թանիի խոսքերն է փոխանցում Reuters գործակալության աֆրիկյան բաժանմունքը:
«Մենք ստիպված ենք կրճատել ծախսերը, որպեսզի որևէ կերպ նվազեցնենք բյուջեի պակասորդը: Այս պատճառով էլ որոշ դեսպանատներ կփակվեն, իսկ դիվանագետները կվերադառնան հայրենիք»,- նշել է նախագահը:
Ներկայում Լիբիայում, որի տնտեսությունը ուղղակիորեն կախված է նավթի վաճառքի արդյունքում ստացված եկամուտներից, օրական արդյունահանում է շուրջ 400 հազար բարել «սև ոսկի»: Սա քառակի անգամ պակաս է այն ծավալներից, որն արդյունահանվում էր Մուամար Կադաֆիի իշխանության օրոք: Իրավիճակն է´լ ավելի է սրվել համաշխարհային շուկայում վերջերս նկատված նավթի գների կտրուկ անկման հետևանքով:
Նշենք, որ Լիբիայի կենտրոնական բանկի տարածած տեղեկատվության համաձայն՝2014 թվականին բյուջեի պակասորդը կազմել է 18,6 միլիարդ դոլար: Սպառման եզրին են հայտնվել երկրի ոսկու պաշարները, որոնք դեռ նախորդ տարվա հունիսին գնահատվում էին շուրջ 109 միլիոն դոլար:
Արտերկրում գործող դեսպանտներից բացի բյուջետային ծախսերը կրճատելու համար կենտրոնական բանկն առաջարկել է կրճատել կրթական ոլորտին և մի շարք այլ պետական հիմնարկներին տրամադրվող գումարները: Ըստ փորձագետների՝ այս գործընթացը կարող է ծանր հետևանքներ ունենալ իշխանությունների համար, քանի որ չափահաս բնակչության մեծ մասը աշխատավարձ է ստանում պետական միջոցների հաշվին:
Հավելենք, որ, դեռևս Կադաֆիի իշխանության շրջանից, երկրում գործում են հացի, բենզինի և ավիատոմսերի սուբսիդավորման ծրագրեր, որոնց վրա ծախսվում են ահռելի գումարներ: