տուն Uncategorized ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

204
0

karabakh

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր, հակառակորդը բացահայտ հարձակում է սկսել, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

«Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հակառակորդի գնդակից երկու զինծառայողի մահվան մասին: Ապրիլի 1-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի: Նույն օրը հրազենային վիրավորումից զոհվել էր ՊԲ զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը: