Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին տեղի ունեցած 4-օրյա պատերազմը մեզ հեռացրեց Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններից: Եվ եթե այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը ձախողվեց ռազմական ճակատում, ինչ-որ չափով հաջողվեց բանակցությունները տապալելու հարցում:
Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերի պատասխանատուԿիրո Մանոյանը:
Ասուլիսի բանախոսից հետաքրքրվեցինք՝ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պարտվեց դիվանագիտական ասպարեզում: Մանոյանը այսպես պատասխանեց.
«Չէ, այդպես չի կարելի ասել, լրիվ չի տապալել, ուղղակի հեռացրել է: Միջնորդները դեռ փորձում են բանակցությունները վերսկսել: Մոտ ապագայում բանակցություններ չեն լինի: Այդքանով Ադրբեջանը հաջողել է: Բայց դա արել է ոչ թե նրա համար, որ մենք ինչ-որ բան սխալ արեցինք, այլ պատերազմի պատճառով: Հիմա եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք՝ իր քայլը կարող է իր դեմ շուռ գալ»:
Իսկ ճիշտ քայլ ասելով ՀՅԴ ներկայացուցիչը առաջին հերթին նկատի ունի ԼՂ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ հստակ քայլեր կատարելը, աշխատանք տանելը:
Այդ ուղղությամբ երկրորդ քայլն, ըստ նրա՝ կլինի Հայաստանի կողմից Ղարաբաղին փոխօգնության ռազմաքաղաքական համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելը, ինչի մասին Սերժ Սարգսյանը պատերազմի օրերին հանձնարարական տվել էր արտգործնախարարությանը:
«Այդ համաձայնագիրը պատրաստելու գործընացը չպետք է կանգ առնի: Եթե դա կանգ առնի, մենք իրավունք չենք ունենա ուրիշներին ասելու՝ ճանաչեք ԼՂ անկախությունը: Անհրաժեշտ է, որ իր լրումին հասնի այդ աշխատանքը, որովհետեւ ես չեմ կարծում, որ պատերազմը վերջացավ: Կարող է առաջիկայում, ոչ շատ ուշ ապագայում նորից ականատես լինենք Ադրբեջանի կողմից նման նախաձեռնությունների»,- ընդգծեց ՀՅԴ հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերի պատասխանատուն:
Ընդհանրապես Մանոյանը այն կարծիքին է, որ բանակցությունները տապալելով եւ պատերազմ սկսելով Ադրբեջանը փորձեց 2 խնդիր լուծել: Նախ, Ռուսաստանում կրակի դադարեցման մասին երկկողմ համաձայնության գալով Ադրբեջանը փորձեց չեղյալ համարել 1994 թվականի եռակողմ համաձայնագիրը՝ այդպիսով Լեռնային Ղարաբաղին ընդհանրապես դուրս գցել բանակցային գործընթացից:
Երկրորդ. դժգոհ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ Ադրբեջանը հիմա էլ փորձում է փոխել բանակցությունների ատյանը:
Հարցին, թե ինչ կարծիք ունի տարածքների զիջման պարագայում հարցի կարգավորման մասին՝ Մանոյանն ասաց, որ երբ որ չկա բանակցություն՝ այդ մասին խոսելն իմաստ չունի: