Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու եւ ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու եւ անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետեւողական սրման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խախտման համար»։