Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել միայն տարածաշրջանում հակամարտության քաղաքական կարգավորումից հետո, «Россия сегодня» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա հայտնել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու համար խաղաղապահների տեղակայման հարցը վաղուց մշակված է, բայց դա հնարավոր կլինի իրականացնել միայն հակամարտության քաղաքական կարգավորումից հետո: Իսկ եթե քաղաքական կարգավորում լինի, ապա դեռ պետք է քննարկվի, համաձանեցվի, թե ինչ ձևաչափով է իրականացվելու խաղաղապահ առաքելությունը:
«Եթե գործը հասնի դրան, ապա դա, անշուշտ, կլինի ԵԱՀԿ-ի պատմական փորձը, որը երբևէ որևէ խաղաղապահ առաքելություն չի իրականացրել՝ չնայած ունի այդպիսի մանդատ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: