Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն Ադրբեջանն ու Հայաստանը, haqqin.az-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Սխալվում է նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է 15 կամ 20 րոպեում միայնակ լուծել հակամարտությունը: Ռուսաստանը կարող է միայն միջնորդ լինել: Միայն մեկ կողմի վրա որևէ ճնշում կամ հարկադրանք ցանկալի արդյունքի չի հանգեցնի: Հիմքում պետք է լինի վստահությունը, և դա կարող են ձևավորել միայն ձեր երկրները»,- ասել է ռուս դիվանագետը` Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով ապրիլին ծավալված ռազմական գործողությունների մասին` դեսպանը նշել է, որ դրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ստեղծված իրավիճակը:
«Կրկին ակնհայտ դարձավ, որ բանական լուծումը միայն մեկն է` խաղաղ ճանապարհով: Հակամարտության կողմերը և միջազգային հանրությունը պետք է դրանից ճիշտ հետևություններ անեն: Ռուսաստանը նույնպես հետևություններ կանի և կընդլայնի միջնորդական ջանքերը»,- ասել է դիվանագետը: