ԼՂՀ համակարտության խաղաղ բանակցային սեղանին ոչ մի համաձայնագիր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե բանակցային սեղանին այլ փաստաթուղթ կա: «Որեւէ փաստաթուղթ չկա, մենք որեւէ անհիմն խոսակցությունների չենք ցանկանում պատասխանել: Կարեւորը մենք այսօր փաստաթղթեր ստորագրեցինք ՌԴ վարչապետի հետ, եւ ես կարծում եմ, որ դրա մասին մենք վաղը, մյուս օրը կխոսենք ավելի մանրամասն, եւ մամուլին կտանք պարզաբանում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե ՌԴ վարչապետին փոխանցեցիք, որ Ադրբեջանը ՌԴ-ի կողմից վաճառված զենքերով է կրակում, Աբրահամյանը պատասխանեց. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու, եթե դուք ուզում եք Թուրքայից գնեն, ամեն դեպքում եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն, ապա ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից»: Նա չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ճիշտ է, որ զինվորները կռվում են 1980-ական թթ զենքերով, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է իր Մոսկվա կատարելիք այցին, ապա Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՌԴ վարչապետը նույնպես այդ հարցը հնչեցրել է: «Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա երկու-երեք ամսում այդ խորհուրդը իրենք կանցկացնեն: Իմ մասնակցության մասին այսօր երեկոյան մանրամասն կխոսենք»,- ասաց վարչապետը: