Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն արդեն առկա են: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` դրա մասին Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահ Պուտինն այս խնդրին անձնական ուշադրություն է հատկացնում, նախարարների մակարդակով մենք պարբերաբար հանդիպում ենք թե ադրբեջանցի, թե հայ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Իսկապես, ես համամիտ եմ, որ փաստացի բոլոր տարրերը, պայմանավորվածություններն արդեն սեղանի վրա են»,- նշել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` հարցը հակամարտության կարգավորման տարրերի ձևակերպման մեջ է:
«Նախօրեի բանակցություններն այստեղ` Բաքվում, նախագահ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և վաղվա իմ հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ուղղված են մեր այդ ջանքերին: Անշուշտ, մենք շահագրգռված ենք, գուցե ավելի շատ, քան երկու երկրների մյուս միջազգային գործընկերները, որ այս հակամարտությունը կարգավորվի որքան հնարավոր է շուտ»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը: