Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Այսօր պատգամավորներից ոմանք տարբեր կերպ բոյկոտում են ԱԺ աշխատանքները, ի պաշտպանություն այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բռնի ուժով բերման ենթարկված ցուցարարների, որոնց նկատմամբ ոստիկանական ուժերը կիրառեցին նաև ջրցան մեքենա:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սաահակյանը, լսելով պատգամավորների հայտարարություններն ու առաջարկներն այդ կապակցությամբ, անմիջապես հրահանգում էր անջատել նրանց խոսափողը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ելույթի ընթացքում ևս ԱԺ նախագահը փորձեց ընդհատել:
«Ճիշտ կլիներ, եթե միանգամից չսկսեինք քվեարկությամբ: Իհարկե, կատարվել են դեպքեր, որոնք հասարակական լուրջ արձագանք ունեն, և ճիշտ կլիներ, եթե Ազգային ժողովի ղեկավարությունը ինքը նախ բարձրաձայներ այդ մասին: Առաջարկությունը ինչ-որ տեղ դարձավ պարտադրանք, որպեսզի խորհրդակցություն կազմակերպենք»։
«Ինձ եք խորհուրդ տալիս, Ձեր խորհուրդները Ձեզ պահեք, հա՞: Կանոնակարգով Ձեզ թույլ է տրված ինձ խորհուրդնե՞ր տալ»,- ընդհատեց Գակուստ Սահակյանը:
Ռ. Հ. — «Ինձ խնդրում եմ չընդհատել: Ես տեղյակ եմ կանոնակարգից և պառլամենտական մշակույթից: Մի սրեք իրավիճակը, Դուք բոլորից շատ եք սրում իրավիճակը:
Գ. Ս. — «Մտածում եք Ձեզնով պիտի սրվի՞ իրավիճակը: Ես կարծում եմ` գիտեմ, թե որտեղ եմ գտնվում, ովքեր չգիտեն, թող «ԱԺ կանոնակարգ» օրենքը կարդան, որվեսզի հանիրավի չմիջամտեն: Գլխավոր լարողն այսօր դուք եք: Չեք տիրապետում ոչ կանոնակարգին, ոչ մշակույթին:
Հակոբյանը Սահակյանին հորդորեց վերջ տալ ընդհատելու պրակտիկային:
«Ես կարծում եմ` պետք է ընդհատեմ Ձեզ, քանի որ լեզվին եք տալիս, ոչ թե մտքին»,- ասաց Գալուստ Սահակյանը:
«Ես շատ բան ունեմ տալու, թույլ տվեք ես խոսեմ»,- պատասխանեց Հակոբյանը: