Արդեն տասը օր է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավված են պահում ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը: Araratnews.am-ը այս օրերի իրադարձությունների մասին զրուցել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հետ:
Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Վիտալի Բալասանյանի կատարած քայլերը, ըստ Ձեզ՝ ի՞նչ արդյունքի հասավ:
Ճիշտն ասած, չգիտեմ արդյունավետությունը, չեմ էլ ուզում գնահատել: Ամեն դեպքում, յուրաքանչյուր ոք յուրովի է մտածում: Ինձ համար հիմա անհասկանալի է էն, որ իշխանություններն աջ ու ձախ չեն ուզում շարվել: Նրանք պետք է մի բան անեն, էսպես նստել ու դավեր նյութել՝ մարդկանց (նկատի ունի զինված խմբի անդամների. — խմբ.) լույսն անջատելով եւ հացն ու ջուրը կտրելով հո չի՞: Ի՞նչ է պատահել` խմբի շարքերում նորմալ մարդիկ են, որոնք պատրաստ են բանակցելու, այսինքն՝ մարդիկ կարող են կոնկրետ բաներ առաջարկել, եւ իշխանությունները դա գիտեն, թող քարն իրենց փեշներից թափեն: Մի բանի համար եմ ցավում՝ ինձ մոտ էն տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանն իր շուրջը հավաքածներին ասում էր. «Արա՛, էս ինչքան վատ եք աշխատել, որ ինչ-որ մարդիկ դեռ կարողանում են նման պահվածք դրսևորել»: Էդ մարդու պահվածքից ակնհայտ է, որ ինքը մտահոգված չէ երկրի ճակատագրով:
Ոստիկանությունը տվյալներ է հրապարակել խմբի անդամների մասին, նշելով, որ նրանց շարքում կան թմրամոլներ, դատվածներ, նյարդային խնդիրներ ունեցողներ եւ այլն: Ի՞նչ կասեք այս մասին:
Հանձնարարություն էին ստացել, իսկ կատարողները ապրանք են: «02» ծառայությունը իր վերադասից հանձնարարություն է ստացել տղաներին նման կերպ ներկայացնելու, չէ՞ որ բոլորն ամեն ինչ գիտեն, էն խուլ դարը չի: «02»-ը մի ծառայություն է, որը նորմալ մարդկանց ձերբակալում է, գողերի հետ գնում հաց ուտելու: Էդ անմեղսունակներին ո՞վ է թույլ տվել նման պահվածք դրսևորել, ա´յ ավանակներ, Կյուրեղյանին պլաստմասե ատրճանակի համար ինը տարի նստացրեցիք, հիմա Կյուրեղյանի երկու եղբայրները ավտոմատ են վերցրել: Ու դուք էլ ցույց եք տալիս, թե տղաները թմրամոլ են, ապո՞ւշ եք:
Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այս փուլում Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպելու որոշում չի կայացնում:
Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ոչ թե Սեֆիլյանից է վախենում, այլ ամբողջ աշխարհից, իր ժողովրդից: Սերժ Սարգսյանը չի սիրում իր երկիրն ու ժողովրդին: Ամբողջ խնդիրն էն է, որ իշխանությունը չի գիտակցում ստեղծված իրավիճակը: Նրանք են մարդկանց հասցրել էս վիճակին, բոլորին ռադ անել է պետք՝ Օհանյան Սեյրանից սկսած:
«Սասնա ծռերի» գործողությունները շատերը համեմատում են հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի եւ իր խմբի կողմից կատարվածի հետ,Դուք ընդհանրություն տեսնո՞ւմ եք:
Իհարկե չեմ տեսնում: Նաիրի Հունանյանը սովորական «գալուբոյ» լակոտ էր, որը հատուկ պատրաստված էր, տարան-բերեցին, չեմ ուզում ասել՝ սլաքներն ում վրա ուղղվեց, որպեսզի իշխանությունը գրավի, ունեցանք էն, ինչ ունեցանք: Նաիրի Հունանյանը էդ չաներ, Քոչարյան Ռոբերտի պես հանցագործն ու Սերժ Սարգսյանի նման մարդիկ չէի լինի էս երկրում ղեկավար: Իսկ էս մարդիկ (նկատի ունի «Սասնա ծռեր» խմբի անդամներին) չեն ասում՝ մեզ դրեք նախագահ ու նախարար, ասում են՝ եկե´ք նորմալ ընտրություն անենք, եկե´ք արդար երկիր դառնանք: Ես դեմ եմ արյունահեղությանը, բայց էսպես ապրել հնարավոր չի: Քանի տարի է՝ մենք ընտրում ենք, իսկ միջից կինդեր ձվիկի պես Սերժիկ ա դուրս գալիս: Հիմա էլ՝ էս ծայրահեղ վիճակում, մարդիկ Սերժին ողջախոհության կոչ են անում, նախագահ կոչվածն էլ ասում է՝ եկեք հանձնվեք, ինչի՞, ինչի՞ պետք է հանձնվեն:
Ինչո՞ւ իրավապահները «Սասնա ծռերի» նկատմամբ ուժ չեն կիրառում, արդեն 10 օր է՝ իշխանությունները կտրուկ քայլերի կարծես թե չեն դիմում:
Շատ բարդ է ասել, բայց առաջին օրն էլ ասել եմ՝ լեզո՛ւ գտեք, տղերքի հետ, եթե ուժ կիրառեք` ձեզ ոչ մի բան չի փրկի: Ամեն պատի տակ կսպանվեն մի ոստիկան, մի պաշտոնյա, իրենք չեն շահի, եթե ուժ կիրառեն: Խաղ են խաղում, չպետք է խաղան էս իրավիճակում, Սերժ Սարգսյանը պետք է դուրս գա ու ասի՝ էսքան տարի ինչ արել եմ, ղալաթ եմ արել, թող մաքրի էս երկիրը կեղտից, չի մաքրի՝ ուրեմն տղերքը ճիշտ են ասում: Եթե նույնիսկ իրենք զենք են վերցրել, միևնույն է՝ դա ամեն մարդու սրտից է բխում: Իշխանությունների հանցանքը նրանում է, որ հրացանով մարդը հայտնվել է փողոցում, քաղաքացին ասում է՝ արա՛, լավ արեցին:
Այսինքն՝ Ձեր ասածից ստացվում է, որ անկախ «Սասնա ծռեր» խմբի անդամների քայլերից, ժողովուրդը նրանց ընդունե՞ց եւ սիրե՞ց:
Դուք չե՞ք տեսնում: Բացառությամբ Մերուժան Տեր-Գուլանյանի նման լափակեր պնակալեզների եւ իշխանության սազանդարների, մնացածն ասում են՝ լավ արեցին: Ժողովուրդը, այո՛, հոգու խորքում ասեց՝ էս տղերքը ճիշտ են անում: Եթե մարդկանց այլընտրանք չեն թողնում, էսպես է լինում, եւ էս մարդկանց հասարակությունը պարսավանքի չի արժանացնում: Իշխանությունը պետք է ելք գտնի մարդկանց հետ հարաբերվելու, որպեսզի ժողովուրդն իրենց ընդունի, եւ առանց խաբելու, եթե խաբեցին՝ ապա մի ուրիշ տեղից զինված խումբ կհայտնվի:
Շողիկ Գալստյան
Լուսանկարը՝ Panarmenian.net-ի